«ԵՐԲ ՍՊՈՐՏՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է». ԲԱՑՎԵՑ «ԻՆՍՊՈՐՏ» ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Նոյեմբեր 07, 2018

Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում իր դռները բացեց «Նյութեքն» ՍՊԸ-ի կողմից կառուցված «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը:

Համալիրի բացման պատիվը վերապահվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին եւ ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանին:

Ժամանակակից մարզագույքով հագեցած նոր մարզաառողջարանային համալիրը լավագույնս ծառայելու է առողջ ապրելակերպը նախընտրող հաճախորդների սպորտային առօրյայի կազմակերպման գործին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այլ հյուրերի ուղեկցությամբ շրջեց համալիրում, ծանոթացավ հնարավորություններին, տեխնկիկական հագեցվածությանը, ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանաբնույթ յուրաքանչյուր համալիրի բացումը խթան է սպորտի, առողջ ապրելակերպի զարգացման համար:

Նախարարը փաստեց, որ «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրն աչքի է ըկնում հարմարավետությամբ: Տեղաբաշխումը ճշգրիտ է կատարված, եւ դրական արդյունքներ, անշուշտ, կլինեն:

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի տնօրեն Դավիթ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համալիրը նախատեսված է այն մարդկանց համար, ավքեր նախընտրում են առողջ ապրելակերպը. ««ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի հիմնական «խոսքը»՝ կարգախոսը հետեւյան է. « Սպորտն ապրելակերպ է»: Այսինքն՝ համալիրը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր գնահատում ու կարեւորում են առողջ ապրելակերպը: Մենք առաջարկում ենք բավականին ճկուն փաթեթներ: Հաճախորդն իր ընտրությամբ կարող է օգտվել միայն լողավազանից, կամ այցելել միայն ֆիթնես դահլիճ, ինչպես նաեւ ամբողջական փաթեթ ձեռք բերել: Դա իր ընտրությունն է»:

Դավիթ Հայրապետյանը տեղեկացրեց, որ «ԻՆՍՊՈՐՏ»-ը կներկայացնի նաեւ սեփական արտադրանքը. «Ներկայացնելու ենք մարզահագուստ, մարզակոշիկներ, որոնք հենց «ԻՆՍՊՈՐՏ»-ի արտադրանքն են: Արդեն ունենք փորձնական օրինակներ: Մեր նպատակն է հետագայում ունենալ ավելի լայնածավալ արտդարանք ու զարգացնել «ԻՆՍՊՈՐՏ» բրենդը»:

Մարզաառողջարանային համալիրի տնօրենի խոսքով՝ առաջիկա տարիներին պլանավորվում է մարզաառողջարանային համալիրների ցանց ստեղծել: Այսինքն՝ ժամանակի ընթցաքում նոր կենտրոններ կկառուցվեն:

«ԻՆՍՊՈՐՏ»-ն իր գնային քաղաքականությունը մշակելիս հիմնվել է մի կարեւոր գործոնի վրա՝ հաճախորդներին ապահովել ծառայություններով՝ ըստ իրենց նախասիրրությունների: Օրինակ՝ եթե կան մարդիկ, որոնք նախընտրում են միայն լողավազան այցելել, այդ դեպքում կարող են ձեռք բերել միայն լողավազանի փաթեթ: Հաճախորդը կարող է ընտրել եւ՛ մեկ կամ մի քանի բաղադրիչներ, եւ՛ ամբողջական փաթեթ, որը ներառում է 2 տեսակի սաունաներից, լողավազանից օգտվելու հնարավորություն, խմբային պարապմունքներ եւ այլն: Մեր նպատակն է այկերպ սպորտը հասանելի դարձնել բոլորին: Մեծ ուշադրություն ենք դարձրել նաեւ հարմարավետությանը»,-նշեց համալիրի վաճառքի տնօրեն Սեդա Արշակյանը:

Սեդա Արշակյանը տեղեկացրեց, որ համալիրն առաջարկում է նաեւ ընտանեկան փաթեթեներ: Բացի երեխաների համար նախատեսված պարապմունքներից, համալիրում գործում է նաեւ զարգացնող խաղերով հագեցած խաղասենյակ՝ նախատեսված ավելի փոքր տարիքի երեխաների համար, որոնք 2 ժամ անվճար կարող են մնալ խաղասրահում, մինչ ծնողները կմարզվեն:

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,72 մլդ. ՀՀ դրամ: Մարզահամալիրի թողունակությունը 1 ժամում կազմում է մինչեւ 150 մարդ: Կառուցապատված ընդհանուր մակերեսը կազմում է 6400 քմ:

Մարզահամալիրում գործում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի եւ սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ: